տուն Լուրեր Բլոգ Գառնիի դեպքը բնավ էլ շարքային դեպք չէ. Հայկ Դեմոյան

Գառնիի դեպքը բնավ էլ շարքային դեպք չէ. Հայկ Դեմոյան

103
0

 

big_208038472843e362201f9e2d19799faa

Նման գաղափարի ծնունդն ու այն համառորեն առաջ տանելը ոչ միայն զարմացնում ու ապշեցնում է, այլ նաև լուրջ մտավախություն է առաջացնում այն առումով, որ մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանըˋ անդրադառնալով Գառնի տաճարի հնավայրում ռեստորան կառուցելու հարցին:

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Գառնիի դեպքը բնավ էլ շարքային դեպք չի, ուստի դրա դեմը պետք է առնել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով:

Հիմա մի քանի կետերով անդրադառնամ այս հարցին:

ա. Գառնիի հնավայրի տարածքում ցանկացած շինության կառուցում վտանգում է հնագիտական թե պեղված և թե չպեղված շերտերը: Ավելին, սխալ եմ համարում նաև հնավայրի տարածքում դեռ 2001 թ. կառուցված ջրավազանի առկայությունը: Դա ևս մեծ վնաս կարող է հասցնել հնավայրի չպեղված հատվածներին:

բ. Նույնիսկ հնագիտության մասին մակերեսային պատկերացում ունեցողները հասկանում են, որ սրճարանի համար ընտրված վայրը ընդամենը ութ մետր հեռավորության վրա  է գտնվելու անտիկ շրջանի բաղնիքից և կառուցվելու է վերջինի համեմատ մոտ չորս մետր բարձրության վրա: Սա նշանակում է, որ սրճարան կառուցելու դեպքում վտանգվելու է ուշ միջնադարից մինչև նեոլիթի դարաշրջանին վերաբերող մշակութային շերտը.

գ. հնավայրի տարածքում ամեն կերպ զբոսաշրջիկ պահելու և նրանից ինչ-որ գումարներ ստանալու հիմնավորումները որևէ քննություն չեն բռնում: Պարզ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ Գառնիի հնավայր այցելողները տուրիստական սեզոնի ընթացքում օրական ապահովում են 1000-ից մինչև 1500 ԱՄՆ դոլար եկամուտ, ինչն այնքան էլ քիչ գումար չի և լիուլի բավարար է տարածքը բարեկարգելու համար:

Անհրաժեշտ է նաև տեղափոխել ամրոցի մուտքի մոտ տեղադրված անճաշակ ու տեղավայրին ոչ հարիր տոմսարկղի լամինատե կրպակը»:

Հայկ Դեմոյան

Հանրային խորհրդի անդամ