Ինչպես արդեն գրել էինք, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։
Մեր տեղեկություններով. հնարավոր է` նույն գործի շրջանակներում փոփոխվի Գագիկ Հարությունյանի կարգավիճակը, ամեն ինչ կախված է քննիչի որոշումից։
Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ՝ պարզելու՝ Գագիկ Հարությունյանի կարգավիճակի փոփոխության մասին լուրերի իսկությունը։ Խոսնակը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ փոփոխության դեպքում ՀՔԾ-ն հայտարարությամբ հանդես կգա։
Նշենք, որ երեկ երկրորդ անգամ հարցաքննվել է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ով նույն գործով ներգրավվել է որպես կասկածյալ:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա՝ ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել եւ յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։