Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրայանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական խնդիր եւ չի կարող գտնվել կալանքի տակ:
«Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, որը պետք է շտկվի: Այնպիսի վիճակում է, որ չի կարող քկհ-ում խնամքը կազմակերպել: Բժշկական միջամտություն է պետք, որը Հայաստանում չի կազմակերպվում: Հայաստանում 3 անգամ կոսնիլիում է արվել, բուժման կազմակերպման վերաբերյալ եւ գտել են, որ ստենոզը շտկման կարիք չունի, այնինչ Ֆրանսիայում եւ Գերմանիայում արված բժշկական կոնսիլիումը գտել է, որ պետք է բժշկական միջամտություն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։