Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին։
Լրագրողի հարցին ի պատասխան, թե վարչապետի հայտարարությունն այն մասին, որ 2019-ին զոհերի առնչությամբ պատմական մինիմում է արձանագրվել. այդ դեպքում, բարոյահոգեբանական վարչության պետի հեռացումն ինչով է բացատրվում, Գաբրիել Բալայանն ասաց. «Այս թեմային անդրադառնալու առիթ ունեցել եմ: Եվս մեկ անգամ ասեմ: Վարչապետն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետևություններ անել աշխատանքի որակից: Իսկ այն սուբյեկտիվ կարծիքը, որ ունեմ ես, չեմ հանրայնացնելու»:
Հարց հնչեց` Արցախի պաշտպանության նախարարի փոփոխությունն էլ է այս տրամաբանության մեջ, թե ոչ: Փոխնախարարն ասաց, որ Արցախի նախարար նշանակելու լիազորությունները պատկանում են Արցախի Հանրապետության նախագահին:
Անդրադարձ եղավ նաև բանակում կատարված հանցագործություններին: Բալայանն ասաց, որ իրավական պետություն կառուցելու ճանապարհին պատասխանատվության են ենթարկվելու բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Օրենքի շրջանակում է լուծվելու ցանկացած խնդիր:
Հայկ Մագոյան