Վերջերս բրիտանական մամուլն ավելի հաճախ է մեղադրում Ռուսաստանին «սառը» պատերազմի ժամանակներ վերադառնալու մեջ:
The Times-ը գրում է, որ հոլանդացի դիվանագետի վրա հարձակումը Մոսկվայում սկսել են հիշեցնել «հին ու բարի» ժամանակները: «Սառը պատերազմի» տարիներին արևմտյան դիվանագետները հաճախ էին խնդիրներ ունենում Մոսկվայում, ընդհուպ մինչև ֆիզիկական բռնությունները: Հիմա Արևմուտքը կրկին նման նշաններ է նկատում Մոսկվայում տեղի ունեցող զարգացումներում: Պարբերականը հիշեցնում է, որ Նիդերլանդների և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Greenpeace-ի նավի անձնակազմին ձերբակալելուց հետո Ամստերդամում ռուսաստանցի դիվանագետին ոստիկանությունը բերման էր ենթարկել բաժանմունք:
Financial Times-ն էլ անդրադարձել է Ալեքսեյ Նավալնու հարցին: Պարբերականը գրում է, որ այս դատավարությունը խորհրդային ժամանակների դատավարությունների կրկնօրինակ էր: Թվում էր, թե Ռուսաստանում նկատվում է որոշակի «ձնհալ», չէ որ Նավալնու պատիժը փոխվեց պայմանականով: Սակայն ռուսական իշխանությունները միաժամանակ զրկեցին Նավալնուն քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու և ընտրություններին առաջադրվելու հնարավորությունից: