տուն Հասարակություն Բռունցքը մտցրել է հովազի բերանը․ արտակարգ դեպք՝ Իջևանում

Բռունցքը մտցրել է հովազի բերանը․ արտակարգ դեպք՝ Իջևանում

1193
0

Նոյեմբերի 18-ին Իջևանում արտակարգ դեպք է գրանցվել. հովազն անտառում հարձակվել է 41-ամյա քաղաքացու վրա՝ նրան պատճառելով խոր մարմնական վնասվածքներ։ Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ վերքերը մշակել են։

Araratnews.am-ի հետ զրույցում Իջևանի ԲԿ տնօրեն Վազգեն Մարգարյանը հաղորդեց, որ հիվանդը հիմա բավարար վիճակում է․ «վերքերը հանգիստ են, երկրորդային բարդույթուն չի տվել, մյուս շաբաթից դուրս կգրվի»։ 

Ինչ թե ինչպես է դա պատահել, բժիշկը մանրամասներ պատմեց․ «Դեպքը տեղի է ունցել ցերեկը ժամը 1-ի կողմերը։ Հիվանդին սարերից են բերել։ Մի 3-4 ժամ տևել է մինչև հասցրել են հիվանդանոց։ Հետը եղել են մարդիկ, բայց հեռու են եղել, ձայնի վրա մոտեցել են, բայց կենդանին արդեն հեռացած է եղել։ Տղաներից երկուսը տեսել են հովազին»։ 

Բժիշկը նշեց, որ հովազը եղել է Ենոքավանի սարերում․ «Ուղղակի այդ կողմերում անասնապահությունը տարածված է, մարդիկ ձմռան սեզոնին այնտեղ են անասուններ պահում, իսկ ամռանը շատ վտանգավոր է այդ տարածքը։ Հովազը արջի պես չի, եթե արջը մարդ է տեսնում, վախենում է, փախչում, ապա այս կենդանին մարդուն իր զոհն է համարում և հարձակվում»։ 

Իսկ ի՞նչ դեղամիջոց է տրվել տուժածին․ «Կատաղության, փայտացման համար պատվաստում է ստացել, դա պարտադիր է։ Իսկ վերքերը կարելը 3 ժամ է տևել, ճանկերը շատ սուր են, որտեղ խփել է՝ խոր, մեծ կտրվածքներ է պատճառել։ Շուրթն է կեսից վնասվել, ոնց որ դանակով կեսից կտրես, թևը՝ ուսային հատվածում, խոր վերք կա։ Բռունցքը կոխել է բերանը, դրանով է կարողացել ինքն իրեն փրկել, թե չէ անհնար կլիներ փրկվելը։ Գաբրիելյանը որսորդ է, փորձ ունի, չի վախեցել, խուճապի մեջ չի ընկել, թե չէ, եթե հովիվ լիներ, հաստատ կենդանին 10-15 վայրկայնում կսպաներ։ Հովազներն ագրեսիվ են, պարանոցից վնասում են ու շատ արագ սպանում։ Երբ բռունցքը մտցրել է բերանը, կենդանին չի կարողացել իր պարանոցից բռնի, պայքարել է հովազի դեմ, ու կենդանին թողել գնացել է»,- պատմեց Մարգարյանը։ 

Բժիշկը նշեց, որ ճիշտ է, խոր վերքեր է ստացել հիվանդը, բայց կենսական նշանակության խոշոր անոթներ չեն վնասվել։ Դուրս գրվելուց հետո դեռ մի երկու շաբաթ էլ տանը վերքերը կմշակեն։ Կյանքին վտանգ չի սպառնում։ 

Հարցին՝ արդյոք նման դեպքի նա հանդիպել է նախկինում, Վազգեն Մարգարյանը պատասխանեց․ «Չէ, չի եղել նման բան։ Նույնիսկ սկզբից, որ մեզ ասացին, մենք չէինք հավատում, ծիծաղում էինք, ասում էինք՝ կատակում եք։ Նման վերջին դեպքը 1960 թվին են նկարագրել տղաները որսի ժամանակ, մինչև հիմա չի նկատվել հովազ մեր տարածքում։ Բայց որսորդները պնդում են, որ մինիմումը 6 ամիս կենդանին այս տարածքներում է եղել, քանի որ անասունների վնասման դեպքեր էլ են եղել»։