Արաքս Դավթյան անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում հայտնել է, որ «Բուրգեր Քինգ»-ը հունվարից սկսած չի տվել իր և այլ աշխատակիցների աշխատավարձերը։
«Այսօր ես աշխատանքի չեմ գնում, որովհետև գործադուլ եմ անում: Ուզում եմ բոլոր իմ ֆեյսբուքյան ընկեերներն իմանան, թե ինչու: ԲՈՒՐԳԵՐ ՔԻՆԳ-ի Հյուսիսային պողոտա մասնաճյուղում եմ աշխատում ու դեռ չեմ ստացել հունվար ու փետրվար ամսվա աշխատավարձերը: Այս 5 ամիսների ընթացքում աշխատավարձ ստացել եմ մի կերպ, կորզելով, պնդելով, նյարդայնանալով, 30, 10 հազարով մի կերպ պոկել եմ նախորդ ամիսների աշխատավարձս: Ես չեմ ուզում աշխատանքից ազատվել, որովհետև անարդարություն եմ տեսնում իմ հանդեպ ու իմ իրավունքները ոտնահարվել են: Ես աշխատել եմ առողջությանս ու նյարդերիս հաշվին: Հարցին՝ թե ինչու է այս վիճակում կամպանիան, պատասխանը հետևյալն է. փող չկա, առևտուր չկա, պիտի համբերես: Այսօր կանգնեցրեցինք ԲՔ-ի աշխատանքը ու հանդիպում ունեցանք սեփականատիրոջ հետ, ով էլ իր հերթին խոսում էր երևակայական ներդրումների մասին, այդ ներդրումների մասին խոսվում է արդեն տարի ու կես»:
Արաքս Դավթյանն արդեն Ոստիկանություն է դիմել և դրանով չի սահմանափակվելու: Նա նաև պատրաստվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել: