ՀՀ-ում, արտակարգ դրության պայմաններում, բուհերն ու դպրոցները հեռավար ուսուցման են անցել:
Պարզելու համար, թե արդյոք բոլոր աշակերտներն են կարողանում ինտեգրվել հեռավար դասերին, AraratNews.am-ը կապ է հաստատել գյուղական համայնքների դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ:
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի Պերճուհի և Արմէն Նալպանտեանների անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Շահվերդյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բոլոր դասարաններում էլ հեռավար ուսուցումը շատ արդյունավետ է իրականացվում:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/04/Նալբանդյան.jpg?resize=640%2C640)
«Դե, բնական է, որ կան աշակերտներ, որոնք չունեն տեխնիկական հնարավորություններ, բայց, անկեղծ ասած, նրանք այնքան շատ չեն: Լինում են դեպքեր, որ, ասենք, տանը մեկ տեխնիկական միջոցի առկայություն է, եւ աշակերըներից մեկը կարողանում է միանալ հեռավար դասին, մյուսը՝ ոչ»,- նշեց փոխտնօրենը:
Անահիտ Շահվերդյանն ընդգծեց, որ տեխնիկական միջոցներ չունեցող աշակերտներն այնքան շատ չեն, ու ինքն էլ անձամբ դասարանների ավագներին հանձնարարում է, որպեսզի հեռախոսազանգի միջոցով փոխանցեն տնային առաջադրանքները:
Անահիտ Շահվերդյանը հավելեց, որ ուսումնական գործընթացն ամենևին չի տուժում հեռավար ուսուցման ընթացքում:
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/04/Նոր-Արթիկ.jpg?resize=300%2C169)
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղի Ստյոպա Արսենյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Սարոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում ութ ընտանիքների երեխաներ՝ մոտ տասը աշակերտ, հեռավար դասերին մասնակցելու համար տեխնիկական հնարավորություններ չունեն:
«Այդ ընտանիքները կամ ինտերնետի խնդիր են ունենում, կամ՝ տեխնիկայի»,-ընդգծեց Կարեն Սարոյանը: Այդ աշակերտների հետ ուսուցիչները հեռախոսազանգով կապնվում են ու տալիս տնային հանձնարարությունները:
Տնօրենի խոսքերով, մյուս աշակերտները կարողանում են նորմալ ինտեգրվել դասերին:
«Անգամ ֆիզկուլտուրայի լեկցիոն պարապունքներն են իրականացվում: Viber հավելվածի միջոցով նյութերը նկարում և ուղարկում են, աշակերտներն էլ ձայնային հաղորդագրություններով դասերն են պատասխանում»,- հավելեց դպրոցի տնօրենը:
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/04/72608730_2465768127082192_6554394078249746432_n.jpg?resize=480%2C480)
Տավուշի մարզի Չինչին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գուժ Գաբրիելյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դպրոցի 40 աշակերտներից 36-ը հեռավար ուսուցման բոլոր հնարավորություններն ունեն:
«Չորս աշակերտներ, ովքեր որ նույն ընտանիքից են, անհրաժեշտ սարքավորումները (համակարգիչներ, սմարթֆոններ) չունեն, չեն կարողանում մասնակցել դասերին: Իրենց ուսուցումը սովորական զանգի միջոցով է կազմակերպում»,- նշեց Գուժ Գաբրիելյանը:
Չինչին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ընդգծեց, որ հեռավար ուսուցումն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է, քանի որ աշակերտները ուսումնական ծրագրերից հետ չեն մնում:
Օլյա Շահինյան