shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը:
Ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:
Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: