Երիտասարդական Խորհրդարանի (ԵԽ) 4 խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» այսօր բոյկոտեցին հերթական նստաշրջանը՝ հաշվի առնելով երեկ Ազգային ժողովում «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի և գազի ներմուծման վերաբերյալ պայմանագրերի վավերացման ժամանակ քաղաքական մեծամասնության պահվածքը: Այնուհետև վերը նշված խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների հետ և ներկայացրին իրենց քայլերի շարժառիթները:
«Որպես մեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ՝ մենք համակարգված ու համախմբված աշխատում ենք նաև այլ հարցերում: Մեր դժգոհությունը արտահայտում են նաև այս հարցում, ինչը ևս մեկ հորդոր ու ազդակ է քաղաքական մեծամասնության համար, որպեսզի նման հակապետական և մեր ազգային շահերին հակասող որոշումներ չկայացվեն»,- ասաց ԵԽ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ազատուհի Սիմոնյանը՝ հավելելով, որ իրենց բողոքն ուղղված է չէ ԵԽ որևէ պատգամավորի կամ խմբակցության դեմ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Արշակ Մուսախանյանը կարևորեց «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափը, որը կայացել է նաև երիտասարդների մակարդակով: «Հայաստանում այս պահի դրությամբ կա «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափը: Սա ու երեկվա քվեարկության տապալումը շատ կարևոր ձեռքբերում է. իշխանություններին մի բան է մնում. տապալված նիստը համարել օրինական՝ կրկին խախտելով օրենքները՝ Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգը»,- ասաց Ա. Մուսախանյանը:
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հովիկ Եվրեյանը նշեց, որ ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի առուվաճառքի և գազի վերաբերյալ պայմանագրերի հարցով 4 խմբակցությունների խորհրդակցությունների արդյունքում որոշում կկայացվի Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Հրայր Մանուկյանի խոսքով՝ իրենք համագործակցում են ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ հարցերում: «Երիտասարդները պետք է ավելի նախաձեռնող ու ակտիվ լինեն՝ համագործակցելով ավելի առաջ ընկնելով ավագներից ու ավելի շատ հարցերում համագործակցելով, ինչը օրինակ կարող է ծառայել կուսակցության ղեկավարների համար»,- ասաց Հ. Մանուկյանը: