Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադարձավ շքեղության հարկը հանելու վերաբերյալ այսօրվա խորհրդարանական քննարկումներին:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը, որ շքեղության հարկի հանումը հարուստներին է ուղղված եւ օրակարգից պետք է հանվի, Մելքումյանը ասաց.
«Քննադատությունը նորմալ է, բայց օրակարգից չեմ կարծում հանենք: Մենք կտեսնենք իրենց առաջարկները: Մենք, կողմ լինելով աղքատությունը հաղթահարլուն, պետք է ոչ մի սեգմենտ, որը վճարունակ պահանջարկ կարող է ձևավորել, չխեղդենք, թողենք որ կայանա»:
Նա նշում է, որ իրենք կողմ են ցանկացած տնտեսագիտական գործիքի, որը տանում է գումարների շրջանառությունը Հայաստանում թողնելուն, ինչի հետեւանքով կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ բիզնեսի շրջանառություն կկատարվի:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսական այս հետճգնաժամային փուլում ֆորմալ ռեցեպտը գտնված չի, այն՝ ինչ որ 2000-ականներին գտնվեց: Այն ժամանակ շինարարությունն էր, այսօր ես շանս չեմ տեսնում, որ շինարարաությունը դառնալու է Հայաստանի հետագա զարգացման կարևորագույն գործիք: Մենք պետք է կարողանանք հարկային համակողմանի փաթեթ բերենք, օրինակˋ սրան հետևելու է մեր խմբակցության կողմից շրջանառության հարկից ազատելու, արտոնագրային վճարներից ազատելու, ստուգումները սահմանափակելու նախաձեռնությունը: Այսինքն մենք պետք է կարողնանաք ազատություններ ձևավորվենք»,- հավելեց Մելքումյանը: