ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Արթուր Գրիգորյանը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, համաձայն որի՝ պետք է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե՛ դրա թերակատարման, թե՛ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով։
Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար՝ դրա համար սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով, ինչը հիմնավորվում է նրանով, որ մթնոլորտային օդի աղտոտումը ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի տեսակի հետ:
Այսպես՝ բենզինով կամ գազով (այդ թվում՝ հեղուկ գազով) շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներն էականորեն քիչ են աղտոտում շրջակա միջավայրը, քան դիզելային վառելիքով շահագործվողները, այդ իսկ պատճառով դրանց համար սահմանված են տարբեր դրույքաչափերի բնապահպանական հարկեր:
Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվել է նոր հարկատեսակի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) ցանկացած ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի նախատեսում, որի նպատակն է գանձված հարկերն ուղղել ճանապարհաշինական աշխատանքների բարելավմանը և ընդլայնմանը:
Նախագծի հեղինակները նշում են, որ պարտադիր տեխզննումն իրենից ենթադրում է 70 կետից բաղկացած ավտոտրանսպորտային միջոցի զննություն, սակայն մեր իրականությունում անգամ լինում են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցը չի էլ մասնակցում այդ զննությանը: