տուն Քաղաքական Հայաստան Բժիշկները մերօրյա ապրող և ապրեցնող հերոսներն են

Բժիշկները մերօրյա ապրող և ապրեցնող հերոսներն են

230
0

Պատմելու էլի մի նոր թեմա ունեցավ աշխարհը՝ Երկիր մոլորակը, Covid19 նոր կորոնավիրուսն ու մարդկությունը համատեքստում։

Կյանքն էլի բաժանվեց կորոնավիրուսից առաջ ու…

Տարիներ հետո պատմության դասագրքերում նոր էջեր կավելանան Covid19-ի ժամանակաշրջանի մասին։  Երեւի թե գիտական աշխատանքներ էլ կգրվեն։ Հոլիվուդյան ռեժիսորներն էլ նոր ֆիլմեր կնկարահանեն աշխարհը գրաված թագավարակի մասին՝ հնարավորինս խտացնելով գույները՝ օսկարներ ստանալու ակնկալիքով։

Պատմական պահ էր նաև այս տարվա Հարության տոնը. արարողակարգերն անցան առանց հավատացյալների՝ դատարկ եկեղեցիներում, ինչ-որ տեղ ավելի խորհրդավոր դարձնելով օրվա խորհուրդը։ Պատմությունն արդեն իսկ ֆիքսեց օնլայն պատարագներին հավատավորների միլիարդի հասնող հետևորդ լինելու փաստը։

Այսօր մենք պատմության այս էջի ներկա վկաներն ենք, նոր պատմության կերտողները։ Բայց ավելի շատ՝ բժիշկները։ Նրանք մերօրյա ապրող և ապրեցնող հերոսներն են։ Աշխարհը դեռ առիթ կունենա նրանցից շատերին փառքի դափնիներ տալու ու նրանց անունները գրելու պատմության մեջ։ 

Այս ամեն հետ մեկտեղ մի բան պետք է հստակ իմանանք՝ մենք հաղթահարելու ենք համաճարակը. էլ տնից չենք աշխատի, իրար ձեռքով կբարևենք, միմյանց հյուր կգնանք, կգրկենք մեզ համար թանկ ու սիրելի մարդկանց։ Եվ վերջապես՝ ընկերներով կհավաքվենք, մի երկու բաժակ  բան կխմենք ու կշարունակենք ապրել։ Առողջ եղեք…

Հայկ Մագոյան