Ամերիկացի հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ Զբիգնև Բժեզինսկին CNN-ի ուղիղ եթերում խոսել է այն մասին, թե ինչ պետք է անի ԱՄՆ-ն՝ կանխելու Ռուսաստանի առաջխաղացումն Ուկրաինայում։
«Իմ կարծիքով, նման հեռանկարն ամենավտանգավորներից է, քանի որ, ըստ էության, Պուտինը ցանկանում է ստանալ Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու իրավունք, այդ միջամտությունն իրականացնել զինված ուժերի միջոցով։ Ղրիմի սցենարը կարող է լինել նախերգանք այն բանին, թե ինչ է իրականում նա ցանկանում անել, այսինքն՝ հրահրել անկարգություններ Ուկրաինայի արևելյան շրջաններում, որոնք բնակեցված են ռուսախոս ուկրաինացիներով, որոնցից ոմանք բարեհաճ են Մոսկվայի նկատմամբ։ Դրանից հետո կմտնեն զորքեր։
Կարծում եմ, հենց դրան է այս պահին պետք դիմադրել, կանխել և արմատախիլ անել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է այս դիրքորոշման մասին բաց խոսենք՝ միաժամանակ Ռուսաստանին առաջարկել որոշակի ձևաչափով մասնակցել Ուկրաինայի տնտեսական կայունացման միջազգային ջանքերին և այլն։ Ոչ պաշտոնական շփումներում Ռուսաստանին ուղիղ պետք է ասվի, թե ինչ հետևանքներ կլինեն նրա համար, եթե ինքը հարձակվի Ուկրաինայի վրա։ Իսկ այդ հետևանքները պետք է լրջագույն լինեն։ Այլապես մի քանի տարի հետո մենք զղջալու ենք, որ չկարողացանք միջոցներ ձեռնարկել, այնպես, ինչպես մենք ափսոսում էինք մեր անգործության համար 1938-1939 թվականներին Մյունխենից հետո (այդ թվականին Հիտլերը Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ Մյունխենում ստորագրել է համաձայնագիր, որով Չեխոսլովակիայի Սուդեթի շրջանն անցել է Գերմանիային։ Որոշ ժամանակ անց Գերմանիան ամբողջությամբ օկուպացրեց Չեխոսլովակիան — խմբ․)։ Եվ մենք գիտենք, թե ինչ եղավ դրանից հետո», — ասել է Բժեզինսկին։