ԲԴԽ-ն իրականացնում է մի գործառույթ, որը չի ենթադրում կանգնել դատավորի կողքին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԲԴԽ-ն ժամանակին չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին։
«ԲԴԽ-ն օժտված է ապահովելու դատական իշխանության և դատավորի անկախությունը. դատավորի կողքը կանգնելը կամ նրան ամեն գնով պաշտպանելը դա այդպես չէ»,- ասաց նա։
Այսինքն՝ այդ կերպ ապահովել են Դավիթ Գրիգորյանի անկախությո՞ւնը, Վարդազարյանը պատասխանեց. «Դատավորի անկախությունը ապահովելը չի նշանակում ամեն գնով թույլ չտալ, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտներ, որ սրանով ոտնահարվում է դատական իշխանության կամ կոնկրետ դատավորի անկախությունը, ապա այլ որոշում կկայացներ։ ԲԴԽ-ն ընդամենը համարել է, որ դատախազության և նախաքննական մարմնի կողմից ներկայացված հիմնավորումները բավարար են եղել, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրվի: Եթե նախաքննության մարմիններն ուզեն 10–20 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և դրա համար ներկայացնեն բավարար հիմքեր, ԲԴԽ-ն նմանատիպ դիրքորոշում կձևավորի: Եթե գտնում է, որ դա ճնշում է դատական իշխանության նկատմամբ, ապա կմերժի ներկայացված միջնորդությունները»։