Օրերս Երևանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը դանակահարվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։
Ոստիկանները ճշտել են նաև կասկածյալի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դանակահարության մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ։