Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են թմրամիջոցի իրացման հերթական դեպքը։
Քրեական հետախույզներն առաջին գործողությունը ձեռնարկել են փետրվարի 27-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտից բերման ենթարկելով Երևանի երկու բնակչի: Երիտասարդների խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ծալովի դանակներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու կասկածանքով բերման են ենթարկվել ևս հինգ անձինք։ Նրանց խուզարկություններով էլ հայտնաբերվել են մեթամֆետամինի ու ափիոնի նմանվող զանգվածներ, մորֆի, թմրամիջոցի պատրաստման պրեկուրսորներ, որոնց շրջանառությունը մեր երկրում սահմանափակ է։
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Վաղարշապատում բնակվող 38-ամյա մի տղամարդուց։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի կտորներ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն։