տուն Քաղաքական «Բարև Երևանը» հավանաբար կմասնակցի հանրության կողմից ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին

«Բարև Երևանը» հավանաբար կմասնակցի հանրության կողմից ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին

204
0

erJRV8PtnfnLWo1Nazfl10rfsF— «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարել էր, թե չի մասնակցի տրանսպորտի ուղեվարձի ձևավորման նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ բարձրացնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ են և կայացվել են մի շարք օրենքերի խախտումով։ Այսինքն՝ որոշումը պետք է կասեցվեր, հետո նո՞ր միայն կատարվեին հետագա քայլերը։

— Տարոն Մարգարյանը կասեցրել է որոշումը և մեկ այլ որոշում է ընդունել՝ կասեցված որոշումը լրամշակելու հետ կապված։ Լրամշակել մի բան, որն ընդունվել է օրենքի տասնյակ խախտումներով. Բնականաբար, չի կարող լրամշակվել ապօրինաբար ընդունված որոշումը։ Ավելին, Երևանի ավագանին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, և որպես երևանցիների շահերը ներկայացնող՝ կարող էր իր հանձնաժողովը ստեղծել տրանսպորտի խնդիրները քննարկելու համար։ Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանը նախընտրել այդպես անել, որպեսզի խուսափի ավագանու մակարդակից, որովհետև հանձնաժողովը ձևավորել է ոչ թե իրենից բարձր հարթության վրա, որը ավագանին է, այլ իրենից ցածր հարթության վրա, և ինչպես նկատելի է՝ հանձնաժողովում նշանակել է հենց այն մարդկանց, ովքեր իրեն խորհուրդ են տվել ընդունել այս որոշումը։

 

Ովքե՞ր են այդ անձինք

— Զավեն Առաքելյանը՝ իրավաբանական վարչության պետը, և վստահ եմ՝ նա է պատրաստել նախագծերը, Հենրիկ Նավասարդյանը՝ տրանսպորտի վարչության պետը, և այլն, այսինքն՝ մարդիկ, ովքեր, ըստ էության, արդեն իսկ կանգնած են ապօրինաբար ընդունված որոշման ակունքներում։ Աբսուրդն այն է, որ տրոլեյբուսի ուղեվարձի թանկացման հարցում Երևանի քաղաքապետը ոչ մի լիազորություն չունի, սակայն հանձնաժողով է ձևավորել, որպեսզի լրամշակի տրոլեյբուսի ուղեվարձի վերաբերյալ որոշումը։ Ինչպե՞ս է այն կիրառելու, երբ ինքը նման լիազորություն չունի։ Երկրորդը՝ ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձերի վերաբերյալ որոշումն ընդունվել է մի շարք օրենքների խախտումներով և ոչ միայն խախտումով, այլ նաև սխալ մեկնաբանությամբ, և եթե այդ որոշումների հիմքերը սխալ են, ապա ոչ իրավաչափ որոշման լրամշակումը ո՞րն է։

 

Տարոն Մարգարյանի այս որոշումը մենք վիճարկել ենք վարչական դատարանում, ես վստահ եմ, որ Տարոն Մարգարյանը անհանգստացած է դրանից, և դա է պատճառը, որ շտապում է լրամշակել իր որոշումը, որովհետև դա վարչական դատարանին հիմք կտա ասելու, որ հայցը չեն կարող քննել, քանի որ Տարոն Մարգարյանը լրամշակել է իր որոշումը։

 

Իսկ ի՞նչ փուլում է գտնվում հայցը, ընդունվե՞լ է արդյոք դատարանի կողմից։

— Հայցը մենք ուղարկել ենք վարչական դատարան, պատասխանող կողմին՝ Տարոն Մարգարյանին, պատշաճ ծանուցվել է մեկ օրինակով, պատասխան դեռևս չկա։

 

Հարցով մտահոգ քաղաքացիները կարծես թե պատրաստվում են ձևավորել իրենց հանձնաժողովը, որը, ըստ իրենց, ավելի ընդգրկուն կլինիհանրության շահերը իսկապես ներկայացնող մասնագետներ ու քաղաքացիներ կլինեն դրա կազմում։ Հնարավո՞ր է, որ առաջարկի դեպքում «Բարև Երևան» խմբակցությունը մասնակցի այդ հանձնաժողովի աշխատանքներին։

— Հասարակության կողմից ձևավորվող հանձնաժողովն ի սկզբանե վստահություն է ներշնչում, որովհետև հենց այդ հանրությունն էր, որ դեմ էր ապօրինի ընդունված որոշմանը, հետևաբար, «Բարև Երևան» խմբակցությունը, կարծում եմ, մեծ հավանականությամբ կմասնակցի, թեպետ չեմ կարող խմբակցության անունից վերջնական որոշում հայտնել, քանի որ հասկանալիորեն քննարկված չի մեր խմբակցությունում։

Մենք բավական երկար ենք քննարկել խմբակցության նիստում նաև այս հանձնաժողովին մասնակցելու հարցը, բայց երբ տեսանք զուգահեռ ինչ պրոցեսներ են տարվում, երբ Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանը ճնշումներ են գործադրում ուղևորափոխադրող կազմակերպությունների վրա, որ նրանք բոլորը պահանջեն բարձրացնել սակագինը, երբ ուղևորափոխադրողներին ներկայացնող կազմակերպությունում հեղաշրջում արեցին՝ համանախագահներից մեկին հանեցին և այլն, մենք տեսանք, որ այդ հանձնաժողով կոչվածը, որը ձևավորվել է քաղաքապետին կից, ամենևին նպատակ չունի Երևան քաղաքում տրանսպորտի և ուղեվարձի խնդիրները քննարկելը։ Եթե այդպիսի նպատակ ունենային, իրենք այլ լուծումներ կտային դրան, իրենց միակ նպատակը Տարոն Մարգարյանի՝ օրենքների խախտումներով ընդունված որոշումները լեգիտիմացնելն է, հետևաբար, մենք հասկացանք, որ մաս չենք կարող կազմել այդպիսի հանձնաժողովի։

 

Ի դեպ, այդ հանձնաժողովը ձևավորվել է նորից խախտումով, որովհետև քաղաքապետին կից խորհրդատվական մարմին ձևավորելու մասին ավագանու որոշումը ավելի ուշ է ընդունվել, իսկ այդ հանձնաժողովի ստեղծման մասին Տարոն Մարգարյանը ավելի վաղ էր հայտարարել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here