Սահմանամերձ գյուղերը մեր երկրի դարպասներն են: Եվ Հայրենիքը հայրենիք է դառնում սահմանին ապրող և սահմանն ապրեցնող գյուղացու ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Անհերքելի փաստ է`որքան ամուր ու բարեկարգ է սահմանը, որքան անհոգս է սահմանմերձ գյուղում ապրող գյուղացին, այնքան ապահով ու անվտանգ ենք բոլորս:
Մեր մշտական ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ բնակավայրերը: Մենք ուշի-ուշով հետևում ենք սահմանի պռնկին ապրող հայ գյուղացուն և ականջալուր ենք, որպեսզի բարձրացնենք սահմանամերձ գյուղերում առկա խնդիրներն ու անելիքները:
Հերթական ահազանգն ստացանք Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից: Գյուղացիները հայտնում են, որ գյուղն ունի ջրի խնդիր:
Բնության գեղատեսիլ գրկում ծվարած գյուղն այսօր կանգնած է լրջագույն խնդրի առաջ: Բարեկամավանում 150 մարդ է ապրում: Շուտով ամառ է, իսկ ջրի հարցը` օր առաջ լուծում ստանալու անհրաժեշտություն ունի:
Գյուղացիները պատմում են, որ սահմանամերձ այս գեղեցիկ և շենացող գյուղում կառավարությունը մեծ ծախս է կատարել: Կառուցվել են դիտահորեր` յոթանասուն ընտանիքների համար: Ջրատար խողովակներն ամբողջությամբ փոխվել են, ջրաչափեր են տեղադրվել, բայց ջուրը դեռ չի հասել սահմանամերձ Բարեկամավան:
Սահմանին ապրող բարեկամավանցիները երեք կողմից շրջափակված են թշնամիներով: Բայց անգամ այս հանգամանքը չի վախեցնում Բարեկամավանի բնակիչներին ապրել ու արարել:
Խնդրին ծանոթանալուց հետո առաջին քայլը եղավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ զրուցելը:
Մարզպետը, որն ամեն օր բախվում է այս խնդիրներին, ինձ հետ զրույցում պատմեց, որ Բարեկամավանի ջրի խնդիրը իր անմիջական հսկողության և ուշադրության կենտրոնում է:
«Ես ինքս այս շրջանում երեք անգամ եղել եմ Բարեկամավանում: Ես տեղյակ եմ խնդրին: Պետք է տեղեկացնեմ, որ Բարեկամավանի ջրի հարցը լուծելու համար վերջին տարիներին ամենաշատ գումարներն են ներդրվել: Գյուղացիները ճիշտ են ասում, որ կա այս խնդիրը: Բայց պետք է ասեմ, որ անցյալ տարվանից նոր ծրագիր ենք սկսել Բարեկամավանում, որը շուտով կավարտվի, և այս ծրագրի շրջանակներում մենք հույս ունենք, որ կկարգավորենք բնակիչների ջրի խնդիրը»:
Բարեկամավանը ամենասակավաթիվ բնակեցված սահմանամերձ գյուղերից է: Հայկ Չոբանյանը նկատում է, որ իրենց համար էլ առաջնային է այս և այլ խնդիրների հրատապ լուծումը: Մարզպետը հույս ունի`վերջին աշխատանքներից հետո ջրի հարցը լուծում կստանա.
«Եթե տեսնենք, որ կատարված աշխատանքներն արդյունք չեն տալիս, ապա ստիպված կլինենք անցնել երկրորդ փուլին: Հորերը ավելի կխորացնենք կամ փոփոխություն կկատարենք, որպեսզի ջրի ծավալը ավելի մեծանա»:
Խնդրի լուծմանը սպասող սահմանամերձ բարեկամավանցիներին հստակ պատասխան տալու համար մարզպետ Չոբանյանին խնդրեցի ժամկենտներ հայտնել, թե երբ վերջապես գյուղացիները ջրամատակարարում կունենան.
«Աշխատանքների հիմնական մասն ավարտվել է: Հիմա հանձնման-ընդունման գործընթացն է տեղի ունենում: Ենթադրում եմ, որ մեկ շաբաթվա մեջ ընթացիկ աշխատանքները կավարտենք և զուգահեռաբար մոնիթորինգ կլինի ջրաչափերի մասով: Բարեկամավանը թեքության վրա գյուղ է, և մեր խնդիրն է, որպեսզի ջուրը հասնի վերևի թաղամաս: Հիմա հարցն ավելի կրիտիկական է, քանի որ պոմպերից մեկը անսարք է, և մեկ շաբաթվա մեջ էլ այդ խնդիրը նույնպես կլուծվի: Ջրի ծավալների պակասելը նույնպես ազդեցություն է ունեցել, և մենք փորձում ենք այս հարցն էլ լուծել»:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ներկայացնելով խնդիրներն ու կատարված աշխատանքները, ընդհանրացնում է, որ խնդրի լուծումը ունի ընթացակարգ, և առաջիկա շաբաթների ընթացքում լիահույս է, որ ջրի մատակարարման հարցը Բարեկամավանում լուծում կստանա:
Ես Բարեկամավանում չեմ եղել: Բայց լիահույս եմ` երբ այցելեմ սահմանամերձ գյուղ և հարց ու փորձ անեմ գյուղում ջրամատակարարման մասին, գյուղացիներն անպայման կասեն, որ ջրի հարցը վերջնականապես լուծում է ստացել:
Հայկ Մագոյան