Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել կատարել հրադադարի մասին պայմանավորվածությունները և հրաժարվել բռնություններից։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Նա կոչ է արել բոլոր կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, զերծ մնալ հետագա բռնություններից, նվիրվել լարվածության թուլացման գործին և երկխոսության շարունակմանը՝ արագ ու խաղաղ քաղաքական կարգավորմանը հասնելու համար», — ասվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կիսելով նրա մտահոգությունը հակամարտության գոտում վերջին օրերին արձանագրված լարվածության պատճառով։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական դիվերսիաների ընթացքում զոհվել է այդ երկրի առնվազն 25 զինվորական, հայկական կողմը տվել է 5 զոհ։