Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում՝ ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ Ի տարբերություն հայության ոգևորվածության, բնականաբար, սպասելի էր թուրքական կողմի արձագանքը: Թուրքիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ ձախողել են: Ի վերջո, ի՞նչ կտա մեզ այս բանաձևի ընդունումը բարոյական գործոնից զատ, և ի՞նչ նոր զարգացումներ սպասել այս համատեքստում: Araratnews.am-ի զրուցակիցը թուրքագետ Հակոբ Չաքրյանն է:
Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը մեծ արձագանք է գտել ոչ միայն ԱՄՆ-ում, համայն հայության շրջանում, այլև ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թուրքիայում: Նախ, ըստ Ձեզ, ի՞նչ կտա մեզ այս պատմական որոշումը, որը, ի դեպ, օրենքի պարտադիր ուժ չունի:
Նախ խոսենք բանաձևի ու նման փաստաթղթերի օգտակարության մասին, եթե այն ոչինչ չտար, ապա Թուրքիան տարեկան միլիոնավոր դոլարներ չէր ծախսի դրանց դեմ պայքարի համար: Անկարան, օրինակ, այդ նպատակի համար 120 միլիոն դոլար է վճարել ամերիկյան, ավելի ճիշտ՝ հրեական լոբբիստական ընկերություններից մեկին: Ցեղասպանության ճանաչման գործընթացը ծավալուն է, Թուրքիան անզոր է դիմակայել, այդ երկրի ուժերը չեն բավարարում պայքարել գործընթացի դեմ, իսկ Ներկայացուցիչների պալատի վերջին որոշումը փաստեց Թուրքիայի նկատմամբ Հայաստանի աճող հեղինակության մասին:
Սա նշանակում է, որ սահմանափակվում է Թուրքիայի միջամտությունն ու դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նման պրակտիկ օգուտներ ունենք…
Վերջին անգամ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել ավելի քան երեք տասնամյակ առաջ`1984-ին: Նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը: Այժմ որքանո՞վ են իրատեսական բանաձևի ընդունման հնարավորություններն այս հարթակում:
Կարծում եմ՝ այս անգամ Սենատի կողմից բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է: Եթե Սենատում նույնպես ձայների մեծամասնությամբ ընդունվի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, ապա այդ դեպքում անհրաժեշտություն չի լինի այն ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վավերացմանը: Ի դեպ, թուրք որոշ վերլուծաբաններ և նույնիսկ քաղաքական գործիչներ ևս իրատեսական են համարում Սենատի կողմից բանաձևի ընդունումը:
Անկարայում բավականին կոշտ են արձագանքել բանաձևի ընդունման փաստին: «Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այսկերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Ի՞նչ վերադասավորումներ սպասել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Թուրք-ամերիկյան հարաբերություններն արդեն սրվել էին հոկտեմբերի 17-ին ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա այցից հետո, դրան հաջորդեց Սոչիում Մոսկվայի և Անկարայի միջև հուշագրի ստորագրումը: Հիմա վերին աստիճանի լարված են թուրք-ամերիկյան հարաբերությունները: Սա աննախադեպ երևույթ կարելի է համարել: Նոյեմբերի սկզբին ծրագրված է Էրդողանի այցը Վաշինգտոն, ինչը որոշակի հստակություն կմտցնի, թե ինչ սպասել երկու երկրների հարաբերություններում:
Զրուցեց Արա Ալոյանը