Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ՀՀ-ն հասել է այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների։ Արտակ Դավթյանն ընդգծում է, որ ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. գնվում է այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ բանակի համար: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։
— Պարո´ն գեներալ-լեյտենանտ, մայիսի 18-22-ն Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն անցկացվեց: Հայկական փորձագիտական շրջանակում այն լայն քննարկման առարկա դարձավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հասարակության մոտ: Ո՞րն է մեր երկրի ռազմական ղեկավարության գնահատականն այս զորավարժությանը:
— Բնականաբար ուշադիր հետևել ենք զորավարժության ընթացքին, մանրամասն վերլուծել ենք այն, հետևություններ ենք արել: Ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը մենք գնահատում ենք անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները: Ընդհանուր առմամբ, միջինից բարձր զորավարժություն էր, մենք էլ ենք հաճախ նման կարգի զորավարժություն անում: Այս դեպքում, պարզապես, առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանական զորավարժությունը համընկավ Արցախի նախագահի երդմնակալության արարողության հետ: Իհարկե, սա պատահական չէր. ադրբեջանական կողմը երևի փորձում էր այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի նորընտիր իշխանության վրա, բայց, բնականաբար, դա նրանց չհաջողվեց:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: