Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարի ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանն ու ևս երեք հոգի:
Ararartnews.am-ի թղթակիցը զրուցել է Արգիշտի Կիվիրյանի հետ, որպեսզի պարզի ողջ իրողությունը: Վերջինս մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ մի քանի ակտիվիստներով փորձել են փոքրիկ դդում դնել Բաղրամյան 26-ի դիմաց, քանի որ այսօր «կրակոտ դդումի հին ազգային տոնն է»: Մինչդեռ ոստիկանները, ինչպես վերլուծաբանն է տեղեկացրել, չեն թույլատրել, որից հետո բերման են ենթարկել.
-Բա տոն է, չտանենք՝ մի նվեր դնենք, ուղղակի ուզեցանք նվեր տանել, փաստորեն, էդ էլ չեն ընդունում: Ոստիկանները մեզ բերման ենթարկեցին, մի ոստիկան էլ մինչև բաժին հասնելը նստել էր գիրկս, ասում էի՝ իջի, տղամարդ ես, ամոթ է: Նշեմ, որ չորս հոգու են բերման ենթարկել` ինձ, Անի Կաղինյանին, Նանե Մինասյանն էր և Լուսինե Հովսեփյանը:
Մեր թղթակցի այն հարցին, թե՝ ի՞նչ են ասում ոստիկանները, ե՞րբ են բաց թողնելու ձեզ, Կիվիրյանը պատասխանել է.
-Չեն ուզում բաց թողնեն: Հասկանում եք, սա մի տոն է, որը օտարները խլել են մեզնից և անունը դրել Halloween, և մենք ուզում ենք այնպես անել, որ մեր հայկական տոնը նշվի հայավարի:
Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ոստիկաններն իրենց հետ վարվել են բավական կոպիտ, այն է` հրմշտել և քաշքշել են:
Էմմա Պալյան