Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Սահմանադրության հարցով հանրաքվեն բոյկոտելու վերաբերյալ։ Վերոնշյալ կազմակերպության մի շարք ներկայացուցիչներ սոցկայքերի միջոցով կոչ են արել իրենց կողմնակիցներին խոչընդոտել քվեարկության անցկացումը։
Ինչպես հայտնում է Reuters-ը, ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 5 մարդ է մահացել։ Ամենադաժան բախումները տեղի են ունեցել Եգիպտոսի հարավում գտնվող Սոհագ նահանգում, որտեղ ավանդաբար ուժեղ են իսլամիստական ուժերը։ Այստեղ օրինապահ մարմինները կրակ են բացել ցուցարարների վրա, երբ վերջիններս փորձել են հարձակվել ընտրատեղամասերի վրա։
Հիշեցնենք, որ այսօր Եգիպտոսում մեկնարկել է երկրի մայր օրենքի հարցով հանրաքվեն, որը կտևի երկու օր։