Կառավարության վաղվա նիստում հավանություն կտրվի «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին (ՊՍԱԿ) և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին:
«Ծրագրի ընդհանուր նպատակն է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ: Ծրագրի հատուկ նպատակներն են. 1) նպաստել միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով սահմանների անվտանգությունը,
2) ամրապնդել միջգերատեսչական և միջսահմանային համագործակցությունը,
3) ապահովել պետական սահմանի կառավարման մարմինների աշխատանքների թափանցիկության առավել բարձր մակարդակ:
Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին ապահովված կլինեն հետևյալ արդյունքները՝
1) ՍՀԿ ռազմավարությունը և օրենսդրական դաշտը ՀՀ-ում և Վրաստանում կհամապատասխանեցվեն ԵՄ ՍՀԿ սկզբունքներին՝ այդ երկրների սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների մասնակցությամբ: Պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների ջանքերով կմշակվեն և կյանքի կկոչվեն գործառնական մակարդակում միջսահմանային համագործակցությունը կարգավորող աշխատակարգեր,
2) ՀՀ և Վրաստանի սահմանի կառավարման ոլորտի մարմինների կողմից «Բագրատաշեն» և «Սադախլո» ՊՍԱԿ-ների համար մշակված կլինեն ներգերատեսչական և միջգերատեսչական ստանդարտ գործառնական ընթացակարգեր (ՍԳԸ) և արտակարգ իրավիճակների ծրագրեր,
3) «Բագրատաշեն» և «Սադախլո» ՊՍԱԿ-ներում ՀՀ և Վրաստանի սահմանի կառավարման ոլորտի մարմինների կարողությունները զարգացած կլինեն մի շարք բնագավառներում՝ ներառյալ փաստաթղթերի ստուգումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները և այլն: Միջին օղակի ղեկավար անձնակազմը պատրաստություն կանցնի հերթափոխերի կազմակերպման, արտակարգ իրավիճակների կառավարման, ինչպես նաև մշակված ՍԳԸ-ների արդյունավետ կիրառման ոլորտներում: Կանցկացվեն նաև հրահանգիչների պատրաստման դասընթացներ մի շարք առարկաներով,
4) «Բագրատաշեն» և «Սադախլո» ՊՍԱԿ-ների ենթակառուցվածքներն ու սարքավորումները կարդիականացվեն՝ ապահովելու համար սահմանի կառավարման ոլորտի մարմինների արդյունավետ աշխատանքը և սահմանահատման սահուն գործընթացը քաղաքացիների համար:
Ծանոթություն. սույն Ծրագիրը սերտորեն կապված է «ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ների արդիականացում» ծրագրի հետ և կօժանդակի ՊՍԱԿ-ներում գազաֆիկացման, էլեկտրաֆիկացման և օպտիկական մանրաթելային մալուխի տեղադրման աշխատանքներին, ՏՏ և անվտանգության համակարգերի ու սարքավորումների ձեռքբերմանը»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ: