«Ճիշտ չէ, թե պայմանագիր չկա. եթե ինչ-որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկը ապրանք վաճառողն է, մյուսը՝ գնորդը: Մեր պարագայում ապրանք գնողը «ՀայՌուսգազարդ»-ն է, վաճառողը՝ «Գազպրոմը»: Պայմանագիրը կա, դրանով գազի գինը Հայաստանի սահմանի վրա սահմանված է 270 դոլար: Պայմանագիրը գտնվում է «ՀայՌուսգազարդ»-ում»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը վերջերս ԱԺ-ում հայտարարել էր, թե 6 ամիս է՝ չի կարողանում ստանալ Հայաստան մատակարարվող գազի վերաբերյալ պայմանագիրը: Երբ նա հարցրել էր այդ մասին վարչապետին, վերջինս ասել էր, թե այդպիսի պայմանագիր դեռեւս չկա: Ա. Մովսիսյանի ասելով` վարչապետը նկատի է ունեցել գազի գնի սուբսիդավորման մասին միջպետական պայմանագիրը, որը կկնքվի շուտով և որի համաձայն Հայաստան ներմուծվող գազը չի հարկվի արտահնման 30% հարկով` երբ մտնենք Մաքսային միություն: Բայց դա, ըստ նրա, ընդամենը կնշանակի, որ կառավարության սուբսիդավորման չափը կփոքրանա, իսկ սպառողների համար գազի գինը կմնա նույնը:
«Հաշվարկները ցույց են տալիս, որ գազի գնի թանկացում, հավանաբար, չի լինի, բայց էժանացում նույնպես չի լինի, քանի որ այն գլխից մենք ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն: Մաքսային միություն մտնելու մեր հայտարարության պահից էներգետիկ հարկերը չեն կիրառվի. դրա համար որոշակի պրոցեդուրաներ կան, որպեսզի մենք ազատվենք այդ երեսուն տոկոս հարկերից. պետք է անցնել այդ պրոցեդուրաները»,- ասաց նախարարը: