Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Հանձնաժողովի նախագահ Յուսեֆ Նուրիստանին հայտնել է, որ թեկնածուներից և ոչ մեկը 50 + 1% ձայն չի հավաքել։
Առաջատարը նախկին արտգործնախարար Աբդուլլա Աբդուլլան է, որը հավաքել է ձայների 44,9%-ը։ Երկրորդ տեղում ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայն է (31,5%), իսկ ներքին գործերի նախկին նախարար Զալմայ Ռասուլը 11,5% ձայն է հավաքել՝ եզրափակելով առաջատար եռյակը։
Վերջնական արդյունքները հրապարակվելու են մայիսի 14-ին։ Սակայն դիտորդները կարծում են, որ մնացած օրերի ընթացքում միայն աննշան փոփոխություններ կարող են լինել, որոնք էապես չեն ազդի ուժերի դասավորման վրա։
Ինչպես և սպասվում էր, նախագահի աթոռի համար գլխավոր պայքարն ընթանալու է երկրորդ փուլում՝ Աբդուլլայի և Ահմադզայի միջև։ Ընտրությունների 2-րդ փուլը նախատեսված է մայիսի 28-ին։