Թուրքիայում ի հայտ է գալու քրդական նոր կուսակցություն, որն իր մեջ ունենալու է «Քուրդիստան» տեղանունը: Կուսակցությունը կոչվելու է Թուրքական Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցություն:Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ, սա Թուրքիայի կառավարության և այդ երկրի տարածքում ահաբեկչական հռչակված Քուրդիստանի բանվորական կուսակցության խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի շարունակությունն է:
Այս կուսակցության գոյությունը նոր իրադրություն է ստեղծելու Թուրքիայում, և կան կանխատեսումներ, որ այս քայլերը ուղղված են Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծմանը: Հայկական կողմի համար ևս, ստեղծվող նոր քաղաքական իրավիճակը պետք է կարևոր լինի, քանի որ հնարավոր ստեղծվելիք քրդական ինքնավարությունը Արևմտյան Հայաստանի տարածքների հիման վրա է լինելու:
Այս թեմայի շուրջ AraratNews.am-ը զրուցեց արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ: Անդրադառնալով այս հարցին վերաբերյալ հայկական կողմի հնարավոր արձագանքին, պարոն Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ պետական մակարդակով այս հարցին արձագանքելը ճիշտ չի լինի, սակայն հասարակական դաշտը այն անարձագանք չպետք է թողնի. « Եթե խոսքը արձագանքելու մասին է, ապա պետական մակարդակով, ըստ իս՝ ոչ, բայց հասարակական և գիտական հարթության մեջ՝ իհարկե պետք է: Ըստ որում, խոսքը չպետք է մասնավորեցնել միայն այս կուսակցության դեպքով, այլ ընդհանրապես արձանագրել Քրդստան եզրի արհեստական բնույթը նշված տարածքների համար»,- ասաց արևելագետը, ավելացնելով, որ անհերքելի այն փաստը, որ Արևմտյան Հայաստանի տարածքների մեծամասնությունում ապրում են քրդեր, սակայն դա տեղիք չի տալիս այն անվանել Քրդստան, ինչպես Հայաստան չի կոչվում Լոս Անջելեսի հայաբնակ թաղամասերը.« Որևէ մեկը չի մերժում Արեւմտյան Հայստանում ներկայումս քրդերի բնակվելու հանգամանքը, բայց ամեն քրդական բնակատեղին դեռևս Քրդստան չէ, ինչպես Լոս-Անջելեսի միլիոնից ավելի բնակչություն ունեցող հայաբնակ թաղամասերը Հայաստան չեն»:
Քրդերի ծագմանը և պատմական տարածքներին անդրադառնալիս պարոն Ոսկանյանը նկատեց.«Եթե խոսքը վերաբերում է քրդերի ծագման արեալին, ապա վաղնջաքրդական լեզվական զանգվածը ձևավորվել է Կենտրոնական Իրանում, մոտավորապես ներկայիս Ֆարս նահանգի հյուսիս-արևմտյան մասում և դրան հարող շրջաններում հավանաբար միջին իրանական լեզվադարաշրջանի ավարտին: Մենք ունենք հստակ լեզվաբանական տվյալներ, որոնք ապացուցում են այս հանգամանքը արդեն մահմեդական միջնադարում։ Հետագայում այն շարժվել է դեպի հյուսիս-արևմուտք՝ զբաղեցնելով մոտավորապես ներկայիս Իրանի և Իրաքի ավանդաբար քրդաբնակ շրջանները և ավելի ուշ է մուտք գործել Հարավային Հայաստանի տարածք: Արևմտյան Հայաստանի տարածքում քրդերը զանգվածաբար սկսել են բնակություն հաստատել միայն 1514թ. Չալդրանի ճակատամարտից հետո՝ Օսմանյան կայսրության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում: Արևմտյան Հայաստանը բնորոշելու համար, Քրդստան եզրը արևմտյան գիտական և քաղաքական գրականություն է մուտք գործել միայն 19-րդ դարում՝ նույնպես քաղաքական դրդապատճառներով»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
«Տեսանելի ապագայում չեմ կարծում, որ տեղի կունենա դեմոգրաֆիական պատկերի փոփոխություն: Բայց դա ամենևին չի բացառում այն հանգամանքը, որ տարածքը պատմական և մշակութային առումով Հայաստան է: Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց, ըստ խնդիրն ուսումնասիրող հետազոտողների, այն Հայաստան է նաև իրավական առումով՝ համաձայն Վիլսոնյան վճռի: Եթե նկատի առնենք Արևմտյան Հայաստանի Վիլսոնյան սահմանները և ներկայիս ՀՀ (Արցախը ներառյալ) տարածքը , ապա մենք՝ հայերս, եզդիները, ասորիները (ինչպես նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ) դեմոգրաֆիական առումով այդքան էլ չենք զիջի, եթե ընդհանրապես զիջենք քրդերին: Պետք են ճշգրիտ հաշվարկներ՝ առանց թվերի «առասպելականացման»»,-անդրադառնալով Արևմտյան Հայաստանի դեմոգրաֆիական պատկերի հնարավոր փոփոխմանը՝ ասաց արևելագետըˋ ավելացնելով, որ եթե քրդերը, չնայած ուղղակի անտանելի ճնշումներին և պետական ձուլման քաղաքականությանը, շարունակում են մնալ Թուրքիայի քաղաքացիներ, ինչու՞ չեն կարող լինել այդպիսին Հայաստանում՝ հավասար քաղաքացիական իրավունքների հիմունքների վրա:
Բորիս Մուրազի