ԱՄՆ-ը արդեն տարբեր մակարդակներով իր աջակցությունն է հայտնում ՈՒկրաինայում եվրաինտեգրման կողմնակիցների կողմից տարվող պայքարին: Երեկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վիլիա Ալեկնայտե-Աբրամիկենեն, ով եվրոպական պատվիրակության կազմում այցելել էր Կիևի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցներին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդիմի Եվրոպական Միության իր գործընկերներին՝ խնդրելով Ուկրաինայի քաղաքացիներին անմիջապես ներկայացնել առանց վիզային ռեժիմի: Մի քանի օր առաջ էլ`դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ը փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի դեմքով իր աջակցությունն էր հայտնել ուկրաինացի ժողովրդին, որը տեսնում է իր ապագան Եվրոպայում: Այսպիսով, սկզբնական շրջանում որդեգրած համեմատական չեզոք դիրքերից ԱՄՆ-ը կարծես անցնում է ՈՒկրաինայում տեղի ունեցող գործընթացներին ավելի ակտիվ մասնակցության փուլ:
Իհարկե,թե Ուկրաինայի, թե Հայաստանի դեպքում նախնական լռությունը կարծես խոսում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա որոշակի պայմանավորվածությունների մասին: Սակայն այս իրավիճակում կարծես հստակեցվում է ԱՄՆ-ի քաղաքականությունը կապված Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների նկատմամբ: Փաստորեն ԱՄՆ-ն կոշտ հակադրվելու քաղաքականությունից անցում է կատարել ավելի դիվանագիտական հարթություն` հստակ գիտակցելով, որ ներկայիս Ռուսաստանը չունի բավարար ո’չ քաղաքական, ո’չ տնտեսական ռեսուրսներ` նման լայնածավալ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար: Կայսերապաշտական մտքերով տարված Վլադիմիր Պուտինը և ռուսական քաղաքական վերնախավը կարծես չի գիտակցում, որ առանց այն էլ ոչ այդքան լավ վիճակում գտնվող,նախկին խորհրդային ռազմական և տնտեսական ժառանգության և բնական ռեսուրսների էքստենսիվ օգտագործմամբ աշխարհաքաղաքական խաղացողի իր դիրքերը դեռևս որոշակիորեն պահպանող Ռուսաստանը երկար նույն կերպ շարունակել չի կարող: Այս դեպքում ավելորդ է անգամ խոսել նոր ուժային կենտրոնի ձևավորման հիմնական շարժիչ ուժը լինելու մասին:
Այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանի համար այդ միության պոտենցիալ մասնակից համարվող երկրներում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը մեղմ ասած դրական չէ: Այսպիսով այդ երկրների հանրությունների հետ պայքարը, ոչ այդքան զարգացած տնտեսություններ ունեցող երկրներին իրեն կցելը և աստիճանաբար ի հայտ եկող արևմտյան հակադրությունը, որը առաջիկայում կովկասում կարող է դրսևորվել նաև Իրանի տեսքով, վերջնականապես կջլատի ռուսական ներուժը` հանգեցնելով կայսրության վերջնական փլուզմանը: Այսպիսով, Արևմուտքը իր «պասիվ» քաղաքականությամբ «սպասում է» ռուսական կայսրության ինքնակործանմանը:
Նարեկ Ամյան