Արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը 134 միլիոն դոլարի դիմաց կեղծ նկարներ է ստացել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին: Daily Mail-ն էլ, իր հերթին, հղում է կատարել ամերիկացի նկարիչ Թոնի Թետրոին, որը դատապարտվել է արվեստի գործերը կեղծելու համար: Պարբերականի հաղորդմամբ, սնանկացած գործարար Ջեյմս Սթանտը 17 կտավ է հանձնել, որոնք, իր վստահեցմամբ, պատկանել են աշխարհահռչակ նկարիչների վրձնին:
Պարզվում է, որ Ուելսի արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը բնօրինակների փոխարեն ստացել է աշխարհահռչակ նկարիչներ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Վան Դեյկի ու Սալվադոր Դալիի կտավների կրկնօրինակները:
Հիմնադրամի շտաբից հայտնել են, որ նկարները վարձակալվել են 10 տարի ժամկետով, բայց ներկայումս հրապարակայնորեն չեն ցուցադրվում: Բացի այդ, հիմնադրամի հաղորդած տեղեկատվության համաձայն, արվեստի գործերի վերաբերյալ որոշումներն ուղղակիորեն չեն վերաբերում արքայազն Չարլզին: