Երևանում վերջին օրերին բազմաթիվ նյութեր են գրվում այն մասին, որ Արցախում խուճապ է, բնակչությունը պատրաստվում է լքել իր տներն ու հեռանալ Արցախից:
Վերջին տաս օրը գտնվելով այն գյուղում, որտեղ մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցի դիվերսանտները 17 ամյա պատանու էին սպանել, վստահաբար ասում եմ, որ անգամ այդ գյուղում խուճապ չկար: Վերադառնալուս նախորդ օրը իմացա, որ Արցախի Պաշտպանական Բանակը թույլատրել է զինվորականներին զենքով վերադառնալ տուն, ինչը ևս ոգևորող ու գոտեպնդող փաստ է բնակչության համար:
Գյուղական բնակչության մոտ առաջին օրերին բավական բարդ իրավիճակ է եղել, սակայն շատ շուտ այդ տրամադրությունները ցրվել են:
Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, ասաց, որ այս խուճապային աղմուկն, ըստ իրենց, իշխանություններն են կազմակերպում, որպեսզի կարողանան փորձել Արցախից տարածքներ զիջել: Սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք ամուր կառչել են արդեն իրենց տներին ու անհնար են համարում արյամբ ազատագրված հողի զիջումը:
Խոսքը ոչ միայն զգացմունքային հողի վրա տեղի ունեցող դատողությունների, այլ կոնկրետ անվտանգությունից ելած եզրակացությունների մասին է:
Արցախում կյանքն իր բնականոն հունով է ընթանում ու պատերազմական ահ ու սարսափով անցած արցախցուն դժվար է մեկ երկու դիվերսանտով խուճապահար անել:
Արմեն Մկրտչյան