Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խոր և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:
«Հայաստանը ԵՄ աջակցությամբ անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ անցյալ դեկտեմբերին Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում:
Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցությանը։
Աղբյուր` mfa.am