«Դուք, որ անընդհատ շեշտում եք տասներեք զոհ, պիտի ասեմ, որ միայն չորսը հիվանդության պատճառով են, չորսն էլ դժբախտ պատահարի արդյունքում են եղել: Պատասխանատվության վերաբերյալ`մենք ունենք օրենք: Օրենքի առաջ հավասար են բոլորը: Միայն դատարանը կորոշի մեղավորներին: Նախաքննության փուլում խոսելը ճիշտ չէ»,- այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Կարգապահական կանոնադրությամբ հասնող տույժերի մասին ԳՇ պետը հստակեցրեց, որ բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվում: Ելնելով ծառայողական քննությունների արդյունքներից պետք է նշել, որ կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված ունենք սպայական կազմի պաշտոններից ազատման, զորացրման դեպքեր:
Քրեական ենթամշակույթի հետ կապված՝ Արտակ Դավթյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում կպարզվի ամեն բան: ԳՇ պետն ընդգծեց, որ հասարակությունում, եթե կա քրեական մշակույթի էլեմենտներ, հետևաբար՝ բանակում չեն կարող չլինել նման դրսևորումներ: Եվ այս խնդիրների հետ կապված տարվում են համապատասխան միջոցառումներ: Արտակ Դավթյանն ասաց նաև, որ խնդիրների լուծման դաշտը բավականին մեծ է, և աշխատելու շատ տեղ ունենք, որպեսզի վերացնենք բացթողումները:
Խոսելով Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի հետ համատեղ աշխատանքի մասին՝ Արտակ Դավթյանն ասաց. «Գլխավոր շտաբը և ԳՇ պետը ենթարկվում են պաշտպանության նախարարին, և որևէ տարաձայնություններ համատեղ աշխատանքում չկան, չհաշված աշխատանքային կարծիքները կամ քննարկումները, որոնք վերջերս ներկայացնում են որպես խիստ հակասություններ: Շատ առումով ԳՇ-ի ներկայացրած դիրքորոշումը կարող է չընդունվել պաշտպանության նախարարի կողմից`ինչը շատ նորմալ է: Քանի որ քաղաքական առումով պատասխանատուն պաշտպանության նախարարն է»:
Հայկ Մագոյան