Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացրեց Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը երկարաձգել ևս 1 ամսով։
Այսօր հրավիրված կառավարության նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստիպված պետք է երկարացնել արտակարգ դրությունը, քանի որ հակահամաճարակային կատարված աշխատանքն ըստ էության անիմաստ կդառնա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բոլորս էլ հասկանում ենք, որ անվերջ հնարավոր չէ երկարաձգել երկրում արտակարգ դրությունը: Վարչապետն ասաց, որ կառավարությունը ցանկանում է օրենսդրական փաթեթ մշակել, որպեսզի կարողանան համապատասխան գործիքակազմով արտակարգ իրավիճակի դրությամբ պայմանավորված սահմանափակումների կիրառումը հնարավոր դարձնեն:
Կառավարությունը հաստատեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը: Այն կտևի մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17։00-ն։
Կառավարության նիստից հետո կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ: