Արտասահմանում երկար ժամանակ արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց ընտանիքները սովորաբար ավելի փոքր հողատարածքներ ունեն իրենց գյուղական համայնքներում, ավելի փոքր բնակարաններ, ավելի քիչ են հակված աշխատելու և ավելի քիչ անասուններ են պահում: Այս մասին այսօր ասաց փորձագետ Արուսյակ Սևոյանը «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական կազմակերպության նախաձեռնած «Արտագաղթի հոգեբանությունը. գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» գիտաժողովի ժամանակ, որը ֆինանսավորվել էր «Հայէկոնոմբանկի» և «InLobby» ընկերության կողմից, ներկայացնելով 2005 և 2007 թվականներին կատարված հետազոտությունների արդյունքները: Նրա խոսքով` 2005-ին հետազոտված բնակավայրերում ընտանիքների 36%-ն է ունեցել արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամ (աշխատանքային միգրացիա), իսկ 2007-ին` 44%-ը: Որքան երկար ժամանակ է ընտանիքի միգրանտ անդամը գտնվել արտասահմանում, այնքան ավելի ուժեղ է եղել Հայաստանում մնացած նրա ընտանիքի` արտագաղթելու ցանկությունը: Ավելին, այդ ընտանիքները ավելի հազվադեպ են ունեցել մեքենաներ և սեփականության այլ միջոցներ: