«Ուղևորավարձի թանկացման հետ կապված հայտարարություն ունեմ անելու: Եթե կա որևիցե գծատեր, ով դժգոհ է պայմաններից և հրաժարվում է 100 դրամով սպասարկել, ապա ես պատրաստ եմ վերցնել այդ գիծը՝ գծատիրոջ ամբողջ գույքով: Կարող ենք գնահատել նրա գույքը, և պարտավորվում եմ խելամիտ պայմաններով ու ժամկետում մարել այդ գումարը»,-երեկ այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արման Մուշեղյանը: Այս հայտարարությանն այսօր արձագանքել է Փոխադրողների միության նախագահ Հ. Եղիազարյանը.«Այս առիթով հայտարարում ենք, որ ՀՀ Փոխադրողների միությունը լիազորված է առնվազն NN 4, 17, 30 երթուղիները սպասարկող ընկերությունների կողմից երթուղային տվյալ գծերի սպասարկումն անմիջապես հանձնել Ձեզ, իսկ հանձնվող գույքի վճարման պայմանների և գրավադրված գույքի վարկի մարման պարտավորությունների ստանձնման համար՝ պատրաստակամ ենք օր առաջ սկսել բանակցություններ: Հաշվի առնելով Ձեր առաջարկը, խնդրում ենք տասնօրյա ժամկետում ներկայացնել Ձեր գնողունակության վերաբերյալ երաշխիքներ և անցնել բանակցությունների գործնական փուլ»,-հայտարարել է Եղիազարյանը։
Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է Արամ Մուշեղյանի հետ`ճշտելու համար, թե երբ է պատրաստվում հանդիպել Եղիազարյանի հետ, և ինչ արձագանք ունի նրա առաջարկին.«Գործերս ավարտեմ ու զանգելու եմ նրան, հանդիպենք, խոսենք, տեսնենք քանի մեքենա ունեն, ինչ վիճակում են մեքենաները, պետք է նորմալ հաշվարկենք, գնահատենք, այնպես չէ որ պետք է աչքերս փակ գնամ վերցնեմ ինչ-որ բան, բայց ամենազարմանալին այն է, որ այդքան գծատերերից, այդքան բողոքողներից ընդամենը երեքն են արձագանքել, մյուսների մոտ՛ կարծես թե՛ ամեն ինչ նորմալ է»,-ասել է Արման Մուշեղյանը:
Էմմա Պալյան