տուն Արցախ Արման Բաբաջանյանի հիմնադրած նախաձեռնության անդամները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահին

Արման Բաբաջանյանի հիմնադրած նախաձեռնության անդամները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահին

351
0

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիմնադրած «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հունիսի 27-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյատի եւ ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայլիյանի հետ։ Այս մասին հայտնում են համապատասխան մարմինների լրատվական ծառայությունները։

«Արթուր Թովմասյանը, ողջունելով հյուրերին, խոսել է Արցախի և Հայաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին` նշելով, որ աշխատանքներ են տարվում դրանք ավելի բարձր հիմքերի վրա դնելու և մշտական հանձնաժողովների համատեղ գործունեությունը սերտացնելու ուղղությամբ:

Քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել նորաստեղծ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության նպատակները, ինչպես նաև համոզմունք  հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները ի սպաս կդրվեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Հանդիպան ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է համազգային օրակարգի շուրջ երկու հանրապետությունների փոխգործակցությունը»։

«Մասիս Մայիլյանի հետ հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Արցախի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հակամարտությանն ու արտաքին քաղաքական տարածաշրջանային և գլոբալ կարևորության մի շարք հարցեր։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախաձեռնության անունից շնորհավորեց Արցախի ԱԳ նախարարին՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար։

«Սա Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության առաջին այցն է, և այդ այցը կատարում ենք Արցախ։ ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը հայության հավաքական շահերի առանցքային բաղադրիչն է։ Միայն ինքնիշխան պետությունն ու պետականակենտրոն քաղաքականությունը կարող են երաշխավորել այդ շահերի իրացումը»,-իր բացման խոսքում նշեց ԱԺ պատգամավորը։

Բաբաջանյանն անթույլատրելի որակեց նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում դավադրական և հակապետական այն ուժերի հայտարարությունները, որոնք ստանձնելով 5-րդ շարասյան դերը, Արցախի հարցը դարձրել են շահարկումների առարկա։

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր պատասխան խոսքում կարևորեց Հայաստանում գոյություն ունեցող և ձևավորվող ապագային միտված քաղաքական ուժերի գործունեությունը։ «Արցախի ապագան կախված է Հայաստանում հեղափոխության արժեքների ամրապնդումից, ինչը հայության անվտանգ ապագայի միակ երաշխիքն է։ Քաղաքական դաշտում առողջ ուժերի գոյությունը կապահովի ժողովրդավարական արժեքների հաստատումը և կամրապնդի հայկական կողմերի դիրքերը բանակցային գործընթացում։ Արցախն իր աջակցությունն է հայտնում ՀՀ-ում ժողովրդավարական արժեքային համակարգի ձևավորման ճանապարհն ընտրած ուժերին»:

Հանդիպման փակ հատվածում, ի շարս այլ հարցերի նախարարի հետ քննարկվեցին Արցախի ներքաղաքական կյանքին ու կարգավորմանը վերաբերող հարցեր»։