«Չեմ մեկնաբանի Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցչի նպատակն է իրողություններին համարժեք գործունեություն ծավալել: Հարգանքով ենք վերաբերվում Արման Բաբաջանյանի խմբակցությունից դուրս գալու որոշմանը, սակայն նույն սկզբունքայնությունը նա պետք է դրսեւորի մանդատը վայր դնելիս»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին:
Հստակեցրինք՝ Արման Բաբաջանյանը պե՞տք է մանդատը վայր դնի, Դավիթ Խաժակյանը հիշեցրեց՝ Արման Բաբաջանյանն ընտրվել է համամասնական ցուցակով եւ եթե խմբակցությունից դուրս է գալիս, պետք է հաշվի առնի՝ մանդատը տվյալ քաղաքական ուժինն է:
Արման Բաբաջանյանի հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ նա կփորձի քաղաքական նոր բեւեռ դրսեւորել՝ միավորել այն ուժերին, որոնք կփորձեն ստեղծել այսօրվա մարտահրավերներին համապատասխան քաղաքական օրակարգ: Հարցին ի պատասխան ԼՀԿ-ի անդամն ասաց՝ չի ցանկանում Բաբաջանյանի հայտարարությունը մեկնաբանել. իմաստ չկա:
Դավիթ Խաժակյանի համար անսպասելի չէ Բաբաջանյանի այս հայտարարությունը: «Հետեւելով Արման Բաբաջանյանի գրառումներին, տեսնելով նրա տարբերվող տեսակետը՝ անսպասելի չէր: Ավելին՝ այսպիսի քայլ պարոն Բաբաջանյանից կարելի էր ավելի վաղ ակնկալել»,-պատասխանեց կուսակցականը:
ԼՀԿ-ի անդամը չի կարծում, թե խմբակցությունը լքողներ էլի կլինեն: «Խմբակցությունն ու կուսակցությունը ներդաշնակ աշխատում են: Ամենածանր ժամանակաշրջանը եղել է հեղափոխության օրերին, երբ կուսակցականների մի մասը դուրս եկավ ԼՀԿ-ից եւ միացավ հեղափոխությանը: Դրանից հետո մնացին այն մարդիկ, որոնք հավատարիմ են լիբերալ արժեքներին, ԼՀԿ-ի դրույթներին»,- ավարտեց իր խոսքը ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը:
Սոնա Դավթյան