Այն օրենսդրական կարգավորումները, որոնք Կառավարության անդամի և ԱԺ պատգամավորի համար նախատեսում են նույն չափանիշները, ընդունելի չեմ համարում։ Այս մասին Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սփյուռքահայերի ընտրվելու իրավունքին։
Փաշինյանի խոսքով՝ պաշտոնի նշանակվելուց առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի եղած լինելը և Հայաստանում ապրած լինելը արհեստական խոչընդոտներ է ստեղծում սփյուռքահայերի ներուժը ներգրավելու տեսանկյունից։
Ինչ վերաբերում է նրան, որ սփյուռքահայերը նույնպես ընտրելու իրավունք ունենան, վարչապետը բացատրեց, որ դա տեխնիկական բարդություններ կարող է ստեղծել՝ մանրամասնելով ընտրական գործընթացները կազմակերպելու որոշ նրբություններ։
Վարչապետը նշեց, որ սփյուռքահայերի ընտրման դեպքում ընտրական տեղամասերի 20 տոկոսը կլինեն Հայաստանում, իսկ 80 տոկոսը՝ սփյուռքում․ «Հիմա հասկանո՞ւմ եք, թե դա ազգային անվտանգության ինչ խնդիրներ է առաջացնում, և դրա հետևանքով ինչ խնդիրներ են առաջանալու»,- նշեց նա։