Պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր հայտարարել է՝ «Հաջակցություն «Նոր կորոնավիրուս COVID-19» էքսպոնենտալ աճի կանխմանն ուղղված միջոցառումների հրաժարվում է 2020 թվականի ընթացքում իր պարգևավճարից:
Araratnews.am-ը զանգահարեց ԱԺ մի քանի պատգամավորի՝ արդյոք նույնը կանեն նրանք: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը մեզ ասաց՝ կորոնավիրուսը մենք կհաղթահարենք, մնացած քայլերի մասին էլ կասենք:
Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի օրինակին հետեւելուն, պարոն Պապոյանն ասաց՝ գիտի, թե ինչ է անելու, բայց հիմա չի հրապարակի: «Այլ հարցերի չեմ պատասխանի»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ մեզ ասաց՝ իրենք մարտ ամսվա պարգեւավճարից հրաժարվել են: Ես նաև փետրվարի պարգեւավճարից եմ հրաժարվել: Ես պատրաստ եմ հաջորդ ամիսների պարգեւավճարներից հրաժարվել: Խմբակցությունը նիստ չի գումարել եւ այդ հարցը՝ միանգամից մեկ տարվա պարգեւավճարից հրաժարվել, չի քննարկվել:
Հարցին՝ ինչու միանգամից պատգամավորը չի հրաժարվում մեկ տարվա պարգեւավճարներից, եթե պատրաստակամ է ամեն ամիս դա փոխանցել, Տարոն Սիմոնյանն ասաց՝ կորոնավիրուսի հաղթահարման համար ավելին է վճարում, բայց չի գովազդում: «Չեմ ցանկանում դա գովազդել: Էլի պատրաստ եմ փոխանցելու, ավելի շատ եմ փոխանցելու, բայց դա չեմ գովազդելու»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց՝ խմբակցությունում կքննարկեն եւ կորոշեն, քանի որ այդպիսի հարցերը խմբակցությամբ են որոշում: «Մենք ապրիլին ստանալիք պարգեւավճարից հրաժարվեցինք: Մնացածը կորոշենք խմբակցությամբ»,- ասաց պատգամավորը:
Սոնա Դավթյան