Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:
Էջմիածնում տիրող իրավիճակի, քաղաքի ախտահանման աշխատանքների հետ կապված հարցերի և վարակված աշխատակիցների մասին տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանում վարակվածների թիվը չի ավելացել:
«Ինչպես նախապես տեղեկացրել էինք, երկու աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Երկուսն էլ եղել են հեռավար աշխատնքի մեջ»,- ասաց Մարիամ Պողոսյանը:
Քաղաքապետարանի լրատվության բաժնի պետից հետաքրքրվեցինք, թե քաղաքում կորոնավիրուսի քանի դեպք է գրանցվել:
Պողոսյանն ասաց, որ նման տեղեկատվություն կարող է տրամադրել միայն մարզպետարանը, քանի որ այդ տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում և մարզի կտրվածքով ներկայացվում է հանրությանը:
Քաղաքի ախտահանման առնչությամբ Մարիամ Պողոսյանն ասաց, որ ԱԻՆ-ը առավոտյան ախտահանում է քաղաքի կանգառները, իսկ քաղաքապետարանը հետևում է, որպեսզի պատշաճ կերպով ախտահանվեն ավտոբուսները:
Մեր այն դիտարկմանը, թե կարծես նվազել են բնակելի շենքերի և փողոցների ախտահանման աշխատանքները, նա հայտնեց, որ շենքերի ախտահանումը կատարվում է այսպես. քաղաքացիները զանգում են քաղաքապետարան, համապատասխան խումբը մեկնում է տվյալ տարածք և կատարում ախտահանման աշխատանքներ:
Էջմիածնում վարակակիրների թվի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք Արմավիրի մարզպետարանի լրատվության բաժնի աշխատակցի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ առանձին համայնքների ու քաղաքների մասով տեղեկատվություն տրամադրել չեն կարող, և հավելեց, որ մարզի կտրվածքով այդ մասին մշտապես տեղեկատվություն է տարածվում:
Հայկ Մագոյան