տուն Տնտեսական Արդյոք կլինի դեֆոլտ եւ դրամի արժեզրկում. տնտեսագետի կանխատեսումը

Արդյոք կլինի դեֆոլտ եւ դրամի արժեզրկում. տնտեսագետի կանխատեսումը

313
0

Մինչ առողջապահության ոլորտի մասնագետները պայքարում են կորոնավիրուսով վարակի դեմ, գիտնականները՝ լուծում փնտրում, տնտեսագետները հաշվում են վարակի վնասները:

Araratnews.am-ը Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանին հարցրեց՝ Հայաստանի տնտեսությունն ինչպես է տուժել կորոնավիրուսից, արդյոք 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի կորուստների հետ կարելի է համեմատել:

Հիշեցնենք՝ 2008-ի աշնանը տնտեսական ճգնաժամի ազդեցությունը զգացվել է նաև Հայաստանում:

Գագիկ Մակարյանին կորոնավիրուսի տնտեսական բացասական ազդեցությունը հիշեցնում է 2008 թ. տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Հիմա Հայաստանի տնտեսությունն ամուր վիճակում է, կկարողանա դիմանալ: Բացի այդ՝ կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամն այլ կերպ է դրսեւորվում: 2008 թվականի տնտեսական ճգնաժամը հարվածեց գրեթե բոլոր երկրների ֆինանսական համակարգերին, ուղղակի ֆինանսները չմտան տնտեսություն: Հայաստանը վերջին հնգյակի մեջ էր տուժած երկրների ցանկում:

Տնտեսագետի խոսքով՝ եթե վարակի տարածումը շարունակվի, կվնասի տնտեսության այլ ճյուղերի՝ պահածայոգործությանը, կոնյակագործությանը: «Պահածոյագործներ, կոնյակագործներ կան, որոնք դադարեցրել են մատակարարումները: Կարի ոլորտը եւս կտուժի, եթե այս վիճակը շարունակվի: Մենք առաջարկել ենք աշխատանքային օրենսգրքում շտապ փոփոխություն կատարել. երեկոյան, գիշերվա ժամերին, շաբաթ, կիրակի օրերին նախատեսված 30 տոկոսով հավելավճարը ժամանակավոր հանվի, որովհետեւ գուցե կարիք լինի հերթափոխի փոփոխության»,- ասաց պարոն Մակարյանը:

Գագիկ Մակարյանը կանխատեսում է՝ այս տարի մեր երկրի ՀՆԱ-ի 5-6 տոկոս նվազում կլինի, բայց ոչ տնտեսական դեֆոլտ: Լավագույն դեպքում կունենանք 0-ին մոտիկ կամ մի քիչ ավելի տնտեսական աճ: Իսկ աշխարհում կլինի 25 մլն գործազուրկ, որն ավելի կլինի 2008 թ-ից:

Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, Գագիկ Մակարյանի խոսքով, Կենտրոնական բանկը կարողանում է պահել դրամի կուրսը: Ավելին՝ շուտով Արժույթի հիմնադրամից եւ Եվրոպական միությունից եվրոյի եւ դոլարի հոսք կլինի Հայաստան:

Սոնա Դավթյան