Araratnews.am-ն այսօր ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին մի քանի հարց ուղղեց՝ բժշկական դիմակների, ախտահանիչ նյութերի արհեստական գնաճ նկատելի՞ է արտակարգ դրության հաստատումից հետո: Ընդհանրապես բավարար քանակությամբ դիմակներ եւ ախտահանիչ միջոցներ կա՞ն:
Կառավարության նիստում ՏՄՊՊՀ նախագահն ասել էր, որ դիմակների խմբաքանակ են սպասում, եթե փաստաթղթերը կարգավորվեն, կներմուծվեն, եթե ոչ, ապա կներմուծեն Չինաստանից: Հիմա դիմակներ ո՞ր երկրից եք ամենաշատը ներմուծում եւ ինչ գնով: Հայաստանում բժշկական դիմակների փոքր արտադրություն է գործում. արդյոք պետությունը կարող է այդ ներուժն օգտագործել՝ ներմուծումից կախված չլինելու համար:
Ի պատասխան Գեղամ Գեւորգյանն ասաց, որ դիմակի գինը աշխարհում բարձրացել է, հետևաբար ձեռք բերման գները թանկացել են: «Գրեթե ամեն օր դիմակի գին է փոխվում, հետևաբար ռիսկային է այն ներմուծելը: Դիմակների նոր խմբաքանակ ենք սպասում: Մնում է կարգավորվեն փաստաթղթերը»,- պատասխանեց կառավարության անդամը:
Ինչ վերաբերում է Հայաստանում դիմակներ արտադրելուն եւ դրսից կախված չլինելուն, ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ դա բիզնեսի խնդիր է, առաջարկ-պահանջարկ ծավալից է կախված: