Արդարադատության նախարարությունը հրապարակել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022 թվականների գործողության ծրագիրը:
Araratnews.am-ը ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին հարցրեց՝ ինչ կարծիք ունի ռազմավարության մասին: Հովհաննես Քոչարյանը նախ հիշեցրեց՝ այս ռազմավարությունը միայն ժամանակագրորեն է նոր, բայց օրգանական առումով նախկին ռազմավարության օրգանական շարունակությունն է:
Նախկին փոխոստիկանապետը ողջունում է այս ռազմավարությունը, որտեղ հաշվի են առել նաև ոստիկանության նաև առաջարկությունները:
Ռազմավարության մեջ խոսում են դեդեկտիվների ինստիտուտի մասին: Արդյոք դա կաշխատի Հայաստանում: «Ինչպես անգլոսաքսոնական համակարգում է, այդպես դեդեկտիվների ինստիտուտը չի կարող գործել, քանի որ Հայաստանում ապացուցման պրոցեսի ծանրությունը նախաքննության մարմինների վրա է, որոնք պետք է ավտոնոմիա ունենան: Քննչական կոմիտեի կազմավորումը ոստիկանության կազմում ողջունելի է, որովհետեւ այն կբերի հանցագործության բացահայտումների արդյունավետությանը եւ օպերատիվ ծառայությունների հետ համագործակցության բարձրացմանը: Սա շատ կարևոր նորամուծություն է, որը չկար նախկին հայեցակարգում եւ հիմա կա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ռազմավարության մեջ գրված է՝ համայնքային ոստիկանության մոդել է ներառված: Ինչպես եւ ինչ արդյունավետությամբ կաշխատի: Եթե համայնքային ոստիկանության գործառույթի բեռնաթափում լինի, օրինակ, ցանկացած բնույթի ահազանգի ընդունում եւ պարտապանների հետախուզման գործառույթի հրաժարում: Օրինակ, երբ ոստիկանը դռնեդուռ է ընկնում, տեղեկացնում քաղաքացուն, որ նա հետախուզվում է ԴԱՀԿ-ի կողմից: Համայնքային ոստիկանությունը պետք է պրոֆիլակտիկ աշխատանքներ անի:
Ինչ վերաբերում է պարեկային ծառայության գործառույթներին, դրանք, նախկին փոխոստիկանապետի խոսքով, շատ չեն: «Հանգիստ կկարողանան դա անել, եթե այդ ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքները զուգակցվեն, պարեկային ծառայության աշխատողների վերապատրաստումն էլ ավարտին հասցվի: Շատ լավ փորձ ունեն այս առումով ԱՄՆ-ի ներկայացուցիչները»,- վստահեցնում է պարոն Քոչարյանը:
Ոստիկանության բարեփոխումները կյանքի կոչվելուց հետո կստեղծվի ներքին գործերի նախարարություն, հետևաբար՝ կառույցն էլ կդառնա քաղաքական, նախարարին էլ կնշանակի ՀՀ վարչապետը: Արդյոք սա մտահոգիչ չէ: Հովհաննես Քոչարյանը հստակեցրեց՝ խոսքը ոչ թե ոստիկանության անունը փոխելու եւ ներքին գործերի նախարարություն դարձնելու, այլ այս նախարարության կազմում ոստիկանություն ունենալու մասին է: «Ներքին գործերի նախարարը չի զբաղվելու իրավապահ գործունեությամբ: Նա պետք է ոլորտի օրենսդրական քաղաքականությունը մշակի, հսկողություն իրականացնի: Ըստ էության, ՆԳՆ-ն աշխատելու է քաղաքական մեխանիզմների տակ: Բայց ոստիկանապետը պետք է ունենա ավտոնոմ աշխատելու հնարավորություն եւ չդառնա ՆԳՆ-ի կցորդը: Օրենսդրորեն պետք է սահմանվեն այն դեպքերը, երբ կարող է ՆԳՆ-ն ազատել ոստիկանապետին»,- կարծում է ոստիկանության նախկին ներկայացուցիչը:
Արդարադատության նախարարությունը կարևորում է նաև ոստիկանների կրթական մակարդակը, պահվածքը, ավելին՝ ռազմավարությունում գրված է. « Ժամանակակից աշխարհում ոստիկանությունն այլևս մասնագիտություն է, այն չի կարող պատշաճ իրականացվել մասնակիորեն փոփոխված նախկին կրթական համակարգի կողմից պատրաստված իրավաբաններով»:
Արդյոք սա եւս կյանքի կկոչվի: Հովհաննես Քոչարյանի կարծիքով՝ ոստիկանների ուսուցման մասին մի փոքր խրթին էր գրված, անհասկանալի էր՝ ինչ վերապահում կա իրավաբանական կրթության մասին: «Եթե մենք կարողանանք արեւմտյան գործընկերների աջակցությամբ վերանայել ոստիկանության ակադեմիայի կրթության ծրագիրը, կարելի է բարձրագույն կրթություն ունեցող անձանց 6 ամսում տալ այն հմտությունները, որոնք պետք են ոստիկանական ծառայության համար»,- ավարտեց իր խոսքը ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Սոնա Դավթյան