
Արդյոք ավիատոմսերը կթանկանան. կորոնավիրուսն ու տուրիզմը
Մեզ համար տուրիստական ցանկալի սեգմենտը եվրոպական զարգացած երկրների ավագ տարիքի ավագ սերունդն է՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից: Իսկ նրանք խոցելի խումբ են կորոնավիրուսի պայմաններում: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ Արթուր Ոսկանյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ մեզ համար ցանկալի զբոսաշրջիկները քչանում են, եւ հազիվ թե հիմա նրանց համար ճամփորդությունն առաջնային կարիք լինի: «Կարևոր է նաև ավիատոմսերի գինը: Արդյոք փոխադրող ավիաընկերության տոմսերը կթանկանան, ինչ ռեժիմով կաշխատեն ավիաընկերությունները: Երրորդ գործոնը զբոսաշրջիկների վճարունակությունն է»,- մանրամասնեց Հայաստանի զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահը:
Այս գործոնները հաշվի առնելով՝ Արթուր Ոսկանյանը ենթադրում է՝ արտագնա տուրիզմի հոսքը կպակասի: Շեշտը դրվելու է ներքին տուրիզմի վրա: «Եթե մարդը գիտի քո երկրի մասին, այցելել է Հայաստան, նա մի օրում չի մոռանա քո երկիրը, բայց պետք է ճիշտ սեգմենտ գտնենք ճամփորդելու, քանի որ կարծիք կա՝ կորոնավիրուսից հետո նոր աշխարհ է լինելու: Ճամփորդական մոտիվացիաներն էլ ըստ այդմ պետք է փոխված լինեն»,- կարծում է մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ երկրները մի որոշում կընդունեն, որ այս երկրների միջեւ ճամփորդություն լինի, գուցե որոշակի արտոնություններ էլ սահմանեն:
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից մայիսի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն կորոնավիրուսի վարակի պատճառով:
Սոնա Դավթյան
