ՀՀ արդարադատության նախարարությունն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել, որպես Հատուկ քննչական ծառայողի օր:
Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ն հիմնադրվել է նոյեմբերի 28-ին նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան այդ օրը սահմանել որպես ՀՔԾ ծառայողի մասնագիտական տոն:
Հայաստանի Հանրապետությունում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին և այլն:
Հաշվի առնելով վերոնշյալը Արդարադատության նախարարությունը նպատակահարմար է համարում, որ Հատուկ քննչական ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարվի որպես Ծառայության ծառայողի օր: