Այսօր Araratnews.am լրատվականը հանդես էր եկել հրապարակմամբ, որտեղ ներկայացվում էր, որ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց շինարարական գործունեությունը ստիպված են եղել դադարեցնել դատական պրոցեսների մեջ ներգրավված լինելու պատճառով: Շինարարական գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողներ խնդրանքով դիմել էին խմբագրություն, որպեսզի մեր միջոցով դիմեն կառավարությանը, այլ կերպ ասած` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որպեսզի վերջինս հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ:
Արձագանքը չուշացավ:
Ի պատասխան հրապարակմանը` արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանել է.
«Վարչական ակտերի կատարման կասեցման, այդ թվում՝ շինարարական թույլտվությունների կասեցման կապակցությամբ առաջացող հիմնախնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պատրաստվել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որը գտնվում է մշակման ավարտական փուլում և առաջիկայում կդրվի շրջանառության մեջ։ Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է լուծում տալ նաև դատարանների վարույթում գտնվող շինարարական թույլտվությունների կասեցման հետ կապված խնդիրներին»:
Հայկ Մագոյան