տուն Քաղաքական Արգիշտի Քյարամյանը, Սարյան փողոցն ու Աննա Ախմատովան. վարչապետը՝ ուժային կառույցների մասին

Արգիշտի Քյարամյանը, Սարյան փողոցն ու Աննա Ախմատովան. վարչապետը՝ ուժային կառույցների մասին

393
0

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնում մեկ օրում նշանակվելը, ապա ազատվելը, իսկ հաջորդ օրը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը շատ քննարկվեց:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ կարող ենք ենթադրել, ինչպես Արգիշտի Քյարամյանի դեպքում, այնպես էլ հետագայում ուժային կառույցներում կլինեն քաղաքական նշանակումներ: «Ես կայացրել եմ քաղաքական որոշում, աշխատանքային անհրաժեշտությունն է եղել այդ նշանակումը: Օրենքը այդ միջանցքն է տվել, որ նա հայտնվի այնտեղ»,- պատասխանեց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոստիկանութունում, ԱԱԾ-ում մի ժամանակաշրջան դրսից նշանակումներ չեն արվել, որպեսզի փոխվելու հնարավորություն ունենան: «Եկել է ժամանակը գնահատելու արված աշխատանքը, կարելի է ազդարարել, որ դրսից նշանակումներ կլինեն»,- տեղեկացրեց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց Սարյան փողոցում փակցված գրող Աննա Ախմատովայի խոսքերը՝ ինչ տվեցիր, քոնն է: «Որեւէ մեկը թող չմտածի, թե մեզնից բան է գողացել, մեզ հնարավոր է խաբել: Ես իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների ասում եմ՝ եթե մտածում եք, որ այդքան խելոք եք, ապա ոնց եղավ, որ ամեն ինչ անում էիք, որ այստեղ (նկատի ունի վարչապետի պաշտոնը- հեղ.) չհայտնվեմ, բայց հայտնվել եմ ու ձեզ հրամաններ եմ տալիս»,- ավարտեց իր խոսքը կառավարության ղեկավարը: