Քաղաքական վերլուծաբան եւ քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում անցած շաբաթ իրականացվել է վերջին հարցաքննությունը, եւ գործը առաջիկայում կուղարկվի դատարան:
«Մենք նույնպես բազմաթիվ բողոքներ էինք ներկայացրել ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունների դեմ` պահանջելով ենթարկել իրենց պատասխանատվության: Բայց ոչ միայն այդ բողոքները հաշվի չեն առնվել, այլեւ այդ բողոքների հիման վրա իմ դեմ եւս մեկ հոդվածով գործ է հարուցվել: 333-րդ հոդվածը, որի հիմքով ես կեղծ մատնություն եմ կատարել այդ ոստիկանների նկատմամբ»,- ասաց Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել 316-րդ հոդվածով Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Մասնավորապես՝ դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը, հայց է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Նշենք, որ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «աբսուրդ» էր համարել այն, որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Լիլիթ Առաքելյան