Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ–ի նախագահ Նարեկ Սամսոնյանին:
«ԱԺ նախագահը Սամսոնյանից պահանջում է վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի հատուցում։ Միրզոյանը պահանջում է նաև նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում»,- նշված է «Դատալեքս»-ում։
Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արարատ Միրզոյանն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու է գնացել և 290 հազար դրամ հաշիվ փակել, ինչը, նրա խոսքով, չի կարող իրեն թույլ տալ սովորական աշխատավարձով ապրող մարդը: Նա նաև վիրավորական որակավորում էր տվել ԱԺ նախագահին, ինչին ի պատասխան գրառում էր կատարել Արարատ Միրզոյանը: Նա մասնավորապես գրել էր, որ Նարեկ Սամսոնյանի գրառման մեջ առկա ստի, վիրավորանքների և զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ: